Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեր խորքային ու վաղեմի թշնամին հարձակվել է եղբայրական Իրանի վրա, Հայաստանն առնվազն երեք առումով վտանգի տակ է (տեսանյութեր)

Մեր խորքային ու վաղեմի թշնամին հարձակվել է եղբայրական Իրանի վրա, Հայաստանն առնվազն երեք առումով վտանգի տակ է (տեսանյութեր)
14.06.2025 | 10:11

Վերջին օրերի միջազգային լրահոսը վկայում, առնվազն հուշում էր, որ առաջիկա օրերին, ամենասեղմ ժամկետում իրանին Իսրայելի հարվածն անխուսափելի է: Իսրայելն Իրանի դեմ խոշորագույն ռազմական գործողություն է սկսել 2025 թվականի հունիսի լույս 13- ի գիշերը:

Ցավոք, Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերոնշյալ իրողությունից համապատասխան հետևություններ չարեց: Անշուշտ, նկատի չունենք իր միջուկային ծրագրից ԱՄՆ- ի և Արևմուտքի պահանջով հրաժարվելը, Իսրայելի ոտքերի տակ սողալը կամ նրա հարճը դառնալը, այլ անմիջապես բունկերներում պատսպարվելը և աշխատանքն ու կյանքն այնտեղից շարունակելը:

ԱՄՆ- ին, Արևմուտքին և Իսրայելին հաջողվեց խաբել Իրանին առնվազն հարվածի ժամկետի առումով, ինչի հետևանքը եղավ ողբերգական այնպիսի կարևորագույն, առանցքային գործիչների սպանության առումով, ինչպիսիք, օրինակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ- մայոր Հոսեյն Սալամին, երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին և Իրանի ԶՈւ հրամանատարի տեղակալ, գեներալ Ղոլամալի Ռաշիդն են: Նշենք, որ Սալամին օրերս ընդգծել էր, որ Իրանի զինվորականները պատրաստ են ցանկացած սցենարի՝ նկատի ունենալով, մասնավորապես, պատերազմը։

Իսրայելի բանակն, ինչպես արդեն հայտնի է, լույս 13- ի գիշերը, Երևանի ժամանակով 4- ին օդային հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող մի շարք միջուկային օբյեկտների և այլ թիրախների, այդ թվում՝ Թեհրանում: Թել Ավիվը հարձակվել է Թեհրանի, Բորուջերդիի, Նաթանզի, Սպահանի, Խորեմաբադի և Համադանի ռազմաբազաների վրա: Ըստ Իրանական «Fars» գործակալության տվյալների, Թեհրանում առնվազն 6 պայթյուն է որոտացել։ Համացանցում Իրանին Իսրայելի հարվածը պատկերող տեսանյութեր են հայտնվել, որոնց ընթերցողը կարող է ծանոթանալ հետևյալ ակտիվ հղումներով՝ https://ura.news/news/1052948182 , https://www.rbc.ru/politics/13/06/2025/684baba99a794747718c3b5b, https://ura.news/news/1052948190 :

Իրանի մայրաքաղաքի հյուսիսային հատվածից։ Պայթյուններ են որոտացել նաև Թավրիզում և այլ քաղաքներում: Իսրայելի «պաշտպանության» (իրականում՝ ագրեսիայի) բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, հայտարարել է, որ իրենց թիրախ են դարձել ռազմական օբյեկտները, այդ թվում՝ միջուկային ծրագրի հետ կապված: Պայթյուններ են եղել Նաթանզի միջուկային օբյեկտում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ ռազմագործողության նպատակն Իրանի միջուկային ենթակառուցվածքներին ու ռազմական ներուժին վնաս հասցնելն է, և հավելել, որ հարվածները կշարունակվեն «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»: Նաթանյահուի խոսքով՝ Թեհրանը բավականաչափ հարստացված ուրան ունի 9 ռումբ պատրաստելու համար: Իսրայելն իր այս ռազմագործողությանը տվել է «Ам КеЛави» անվանումը, որը, ըստ օտարերկրյա ԶԼՄ- ների հրապարակումների, եբրայերենից թարգմանաբար նշանակում է «ժողովուրդն ինչպես առյուծ»: ԶԼՄ- ներում զուգահեռաբար նշվում է նաև ռազմագործողության «Ծագող առյուծ» և «Առյուծների ազգ» անվանումների մասին:

Պայթյուն է որոտացել նաև Իրանի մայրաքաղաքի բնակելի շենքերից առնվազն մեկում, Թեհրանի Ֆարախզադ շրջանում. այս մասին հայտնում է իրանական պետական հեռուստատեսությունն իր պաշտոնական Տելեգրամ- ալիքում: Բացի վերոնշյալից, իսրայելական հրթիռների բեկորները մի քանի բազմահարկ բնակելի շենքեր են վնասել Թեհրանում: Տեղական լրատվամիջոցները հայտնել են առաջին զոհերի մասին։

«Իսրայելական հրթիռների բեկորներն ընկել են Թեհրանի մի քանի բարձրահարկ շենքերի վրա,- հայտնել է իսրայելական «The Times of Israel» թերթը։- Նախնական տվյալներով՝ այդ տներում ապրել են իրանցի քաղաքական և ռազմական գործիչներ»:

Հրապարակված տեղեկատվությունը հուշում է, որ խոսքը ոչ թե բնակելի շենքերի վրա հրթիռների բեկորների պատահականորեն ընկնելու, այլ այդ շենքերին նպատակային հրթիռային հարվածի մասին է: Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել են նաև ատոմային ծրագրի հետ կապված իրանցի առաջատար գիտնականներ: Խոսքը, մասնավորապես, միջուկային ոլորտի գիտնականներ Մոհամմադ Մեհդի Թեհրանչիի և Ֆերեյդուն Աբբասիի մասին է: ինչպես սկզբնական շրջանում հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը, Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով տուժել է առնվազն 50 մարդ, նրանց թվում կան երեխաներ:

Դատելով ամենից, ներկայիս իրադարձությունների զարգացումը չի ունենա այն ընթացքը և ավարտը, ինչն եղավ 2024 թվականին: Իրանի պատասխան ու հզոր հարվածն անխուսափելի է, իսկ երկու պետությունների միջև մի քանի հզոր հարվածների փոխանակումից հետո միանգամայն տրամաբանական է, որ սկսվելու է Իսրայել- Իրան լայնամասշտաբ պատերազմը:

Ավելի վաղ, «New York Times» –ի տվյալներով, Իրանի իշխանությունները պատրաստ են հարձակման դեպքում ակնթարթային հարված հասցնել՝ օգտագործելով հարյուրավոր բալիստիկ հրթիռներ: Այս պահին դա դեռ չի արվել, հարվածը հավանաբար կհասցվի գիշերը:

Ինչ է հայտարարել Իսրայելը

Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանում ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու առաջին փուլն ավարտվել է: Նրա խոսքով՝ դրա շրջանակներում հարվածներ են հասցվել տասնյակ ռազմական թիրախների, այդ թվում՝ Իրանի տարբեր շրջաններում միջուկային թիրախների ուղղությամբ։

ՑԱՀԱԼ- ը պնդում է, որ Իսրայելը հարձակվել է Իրանի վրա, քանի որ վերջինս մոտեցել է միջուկային զենքի ստեղծման «անվերադարձ կետին»: ՑԱՀԱԼ- ի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Իսրայելն Իրանին հարվածելու համար օգտագործել է 200 ինքնաթիռ, որոնք ավելի քան 330 զինամթերք են նետել և արձակել: Նրա տեղեկացմամբ, Իրանը մոտ 100 դրոն է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնք երկրի տարածք կհասնեն մի քանի ժամվա ընթացքում։

Ինչ է հայտարարել Իրանը

Իսրայելական հարվածից հետո Իրանը հայտնել է պատասխան հարվածի նախապատրաստման մասին և Իսրայելին ու ԱՄՆ- ին «ուժեղ ապտակ» խոստացել:

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ- ը «բարձր գին կվճարեն»: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրի զինված ուժերին «գործողության ազատություն» է տալիս Իսրայելի հարվածներին պատասխանելու համար: Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ- ի իմացության և համակարգման, ինչը, կարծում ենք, լիովին համապատասխանում է իրականությանը:

Ինչպես են արձագանքել աշխարհում

Ըստ CNN- ի հաղորդման, ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը նախարարների կաբինետի նիստ է հրավիրել՝ քննարկելու Իրանին Իսրայելի հարվածը: ԱՄՆ- ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ Իսրայելը միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ, ինչին, նկատենք, չափազանց դժվար է հավատալ, և հայտարարել է, որ Իրանը չպետք է հարձակվի ԱՄՆ- ի շահերի և անձնակազմի վրա: Լո՞ւրջ…

Թրամփը «Fox News» հեռուստաալիքին հայտնել է, որ նախապես տեղեկացված է եղել Իսրայելի ծրագրերի մասին: Նա նաև հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ձեռք բերի, և կեղծավորաբար այն սին հույսն է հայտնել, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերշը «մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների վրա իսրայելական հարձակումներով» ու « երկու կողմերին խնդրում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել»:

ԶԼՄ- ները նշել են, որ ԱՄՆ- ը սկսել է Իրաքից իր աշխատակիցների տարհանումը և պատրաստվում է նմանատիպ միջոցառումների Քուվեյթում, իսկ Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Պարսից ծոցում նավերի համար ռիսկերի մասին՝ ակնկալելով Իրանի հարվածները: Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա Իսրայելի հարձակման սկսվելուց հետո:

Ինչ սպառնալիքների առաջ է հայտնվել Հայաստանը

Թեև ըստ իսրայելցի զինվորականների, «Ծագող առյուծ» գործողությունը կանխարգելիչ միջոց էր Իրանում միջուկային զենքի մշակման դեմ, սակայն, կարծում ենք, դժվար չէ հասկանալ, որ այժմ դա կարող է վերածվել Մերձավոր Արևելքում և նույնիսկ Մեծ Մերձավոր Արևելքում, որն ընդգրկում է նաև Ադրբեջանի և Հայաստանի տարածքները, վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ պատերազմի։

Հայաստանին, մասնավորապես, սպառնում է լայնամասշտաբ պատերազմի բռնկման դեպքում Սյունիքի կամ Հայաստանի ողջ տարածքի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակումը, որը, ամենայն հավանականությամբ, կփորձի օգտվել հարմար առիթից, եթե ՌԴ- ին չհաջողվի զսպել ադրբեջանա- թուրքական տանդեմի ախորժակը:

Երկրորդ սպառնալիքը Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածների հետևանքով, որոնք, կարծում ենք, դեռ կշարունակվեն, քամու, օդային հոսքերի միջոցով ռադիոակտիվ փոշու, մասնիկների հնարավոր տեղափոխումն է Հայաստանի տարածք, ռադիոակտիվ իզոտոպներով Արարատյան դաշտի և նույնիսկ երևանի հնարավոր վարակումը:

Երրորդ սպառնալիքը, որն արդեն ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի գլխին է կախված, Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումն է, ինքը քիչ հավանական, է, սակայն չբացառված… Վերոնշյալ սպառնալիքներին առաջիկայում կանդրադառնանք առավել հանգամանորեն:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ